Հայաստան է ժամանում լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին

10:53 • 05.06.13

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ-ի) և «Հայ Արտ սինեմա»-ի համատեղ իրականացրած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին, տեղեկացնում է ինստիտուտի մամուլի ծառայությունը:

Զանուսսին հունիսի 6 և 7-ին վարպետության դաս կանցկացնի «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում»` ցուցադրելով և մեկնաբանելով նաև հատվածներ իր ֆիլմերից:

Նշենք, որ ԵԹԿՊԻ-ի և «Հայ Արտ սինեմայի» համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» արդեն իսկ վարպետության դասեր են անցկացրել ռեժիսոր- վավերագրող, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Իրակլի Կվիրիկաձեն, կինոսցենարիստ, ռեժիսոր, ՌԴ ժողորվրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը, կինոսցենարիստ, դերասան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Պավել Ֆիննը:

Կուրսը ղեկավարում է կինոռեժիսոր, սցենարիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը:
Քշիշտոֆ Զանուսսին ծնվել է 1939թ.-ի հունիսի 17-ին, Վարշավայում:Ուսանել է Վարշավայի պետական համալսարանում (ֆիզիկա), այնուհետև Կրակովի համալսարանում (փիլիսոփայություն):

1958թ.-ից սկսել է նկարահանել սիրողական ֆիլմեր`ստանալով մի շարք մրցանակներ: Այնուհետև շարունակել է կրթությունը Լոձի կինոդպրոցի Ռեժիսուրայի ֆակուլտետում:

Մի շարք վավերագրական, գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ-ռեժիսոր է:

1969 թ.-ին ցուցադրվում է Զանուսսիի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Բյուրեղի կառուցվածքը» (Struktura kryształu), որից անմիջապես հետո ռեժիսորը ձեռք է բերում իր ուրույն տեղը լեհական կինոարտադրության պատմության մեջ:

Բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակակիր` Կաննի կինոփառատոնի հաղթող «Ռեժիսոր» անվանակարգում (1980), Վենետիկի կինոփառատնի «Հատուկ մրցանակի» դափնեկիր (1982), Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր (1984), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի անվան «Համաշխարհային ֆիլմարտադրության մեջ ունեցած ավանդի համար» անվանակարգի մրցանակակիր և այլն: