Այսօր լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)

13:43 • 06.06.13

Այսօր լրանում է 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978)։

 

Մեծանուն դիրիժորին նվիրված հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող նրա անվան 9-րդ միջազգային մրցույթով: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

 

Կոմպոզիտորը ծնվել է Քոջորիում (Վրաստան) 1903թ. հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։

 

1913թ. ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց», բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ՝  ընդունվում է մի փողային նվագախումբ։

 

1915թ. (Հայոց ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար, թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։

 

1921թ. Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է Գնեսինի Երաժշտական քոլեջ։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։

 

1929 թ. նա ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամն ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։

 

1939 թ. Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

 

Կոմպոզիտորի համար իսկական հայտնություն է դառնում դիրիժորական գործունեությունը, ինչն ունկնդրի հետ անմիջական շփման, ստեղծագործության ներգործության արձագանքը զգալու անփոխարինելի միջոց էր:


1956 թ. դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակը» բեմադրվում է Կիրովի բեմում։


Արամ Խաչատրյանը վախճանվել է 1978 թ. մայիսի 1-ին, երկարատև ծանր հիվանդությունից: Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում սգո հանդիսավոր արարողությունից հետո կոմպոզիտորի աճյունը տեղափոխվում է Երևան՝ ի կատարումն նրա վերջին ցանկության:

 

Դիրիժոր Արամ Խաչատրյանի արվեստին ծանոթ են Անդրկովկասում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մերձբալթյան հանրապետություններում, Սիբիրի քաղաքներում, Մերձավոր Արևելքի երկրներում, Եգիպտոսից մինչև Նորվեգիա, Ֆինլանդիայից մինչև Ճապոնիա, Լեհաստանից մինչ Լատինական Ամերիկա և Հավայան կղզիներ: Կոմպոզիտորի արվեստն ամենուր ընդունվել է բացառիկ ջերմությամբ: Հայ երաժշտի ստեղծագործությունը փառաբանվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

 

 


 

Նյութի աղբյուր է հանդիսացել wikipedia.org-ը