54 մլն դրամ է հատկացվել «Հայ արտ սինեմա» հիմնադրամին, 193 մլն՝ Գյումրիին

17:22 • 06.06.13

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը 54 մլն դրամ է հատկացրել կինոռեժիսոր Ռոման Բալայանի նախաձեռնությամբ ստեղծված կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները կազմակերպելու համար «Հայ արտ սինեմա» հիմնադրամին, որի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի զարգացմանը։


Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ բարձրագույն դասընթացի նախագիծը համաֆինանսավորվող ծրագիր է, որի ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 100 մլն դրամ է, և մնացած մոտ 46 մլն դրամը հատկացնում է «Պարադիզ» ընկերությունը։

Համաֆինանսավորման սկզբունքով է իրականացվում նաև «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը, որի ամբողջական նախահաշիվն ավելի քան 600 մլն դրամ է։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաև բելառուսական Մոգիլյով և ադրբեջանական Գաբալա քաղաքները։ Գյումրու ծրագրի իրականացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ։