Պետք է գնալ Գորիս, վրան խփել և մարդկանց ոտքի հանել. Դավիթ Սանասարյան

13:05 • 06.06.13

Գորիսում առկա վախի մթնոլորտը կոտրելու համար պետք է գնալ այնտեղ, վրան խփել և մարդկանց ոտքի հանել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ով նաև Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության համար դրսևորում է ակտիվ քաղաքացիական կեցվածք։

«Թե ինչ զարգացում կլինի գուշակություն չեմ անի, իմ քայլով գնալու եմ, ու փորձեմ մարդկանց աջակից լինել։ Կարծում եմ, որ եթե կծիկը բացվի, Սուրիկ Խաչատրյանի վրա բազմաթիվ հանցագործություններ են լինելու»,- ասաց նա և նշեց, որ որպես այդպիսին դեռևս խումբ կամ մարմին չի ձևավորել, ինչպիսին կար «Հասնաքարի» միջադեպի ժամանակ։


Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք տեղեկություն ունեն, որ Կապանում արդեն իսկ ընդվզում կա, մինչդեռ Գորիսում մարդիկ դեռ վախենում են։


«Գորիսից ու Կապանից զանգեր եմ ստացել, թե՝ ի՞նչ եք անում, գալի՞ս եք, թե չէ։ Հավանաբար, շաբաթ կիրակի կգանք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։ Հունիսի 3-ին ձերբակալվել են մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։