Տիգրան Սարգսյանն առաջարկել է վաղը հանդիպել 3-4 ազատամարտիկի հետ (տարբերակ 3, լուսանկարներ, տեսանյութեր)

11:55 • 06.06.13

Ազատության հրապարակում իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները հոգալու պահանջով ցույց անող ազատամարտիկները պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ շարժվում են Հանրապետության հրապարակ՝ դեպի կառավարության շենք, որտեղ այս պահին կառավարության նիստ է տեղի ունենում:


Ազատամարտիկներն ակնկալում են, որ գործադիրը կքննարկի իրենց պահանջները:


Հիշեցնենք, որ նրանք պահանջում են թոշակների կրկնակի բարձրացում, ԱԺ-ի կողմից օրենքի նախագծի ընդունում, որը նախատեսում է ազատամարտիկների կոմունալ ծախսերի 50%-ով կրճատում, անվճար բուժում և ընտանիքի անդամների անվճար կրթություն: 


Ազատամարտիկներն իրենց պահանջները բարձրաձայն վանկարկելով ՝ կոչ են անում սպաներին, զինվորներին և հայրենասեր մարդկանց միանալ իրենց:


Նշենք, որ այս պահանջները պաշտպանելու նպատակով նրանք Ազատության հրապարակում ստորագրահավաք են անցկացնում, և Tert.am-ի հետ զրույցում մասնակիցներից մեկը նշեց, որ բազմաթիվ ստորագրողների թվում ոչ միայն ազատամարտիկներ են, այլև հասարակ քաղաքացիներ:

 


12.16

«Պա-տաս-խան». կառավարության շենքի դիմաց վանկարկում են ազատամարտիկները


Կառավարության շենքի դիմաց հավաքված ազատամարտիկները կառավարության դիմաց վանկարկում են՝ «պա-տաս-խան», «պա-տաս-խան»:
 

Ազատամարտիկներին միացել է «Կարին» երգի-պարի համույթի հիմնադիր, նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց.«Եթե երկրի արժանապատվությունը ձեռք բերողները այսօր արժանապատվություն են պահանջում, դա նշանակում է, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան»:


Չնայած վանկարկումներին ու նրանց ներկայությանը, կառավարությունից բացի նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանից որևէ մեկն այս պահին նրանց հետ հանդիպելու համար դուրս չի եկել:


Սոցիալական խնդիրներից վրդովված ազատամարտիկները բանավոր ու գրավոր ներկայացնելով իրենց պահանջները, ասացին, որ «շունը, որ շուն է», իրենցից լավ է ապրում:

 


12.37

Տիգրան Սարգսյանն առաջարկել է վաղը հանդիպել 3-4 ազատամարտիկի հետ

Ալեքսանդր Ղազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին փոխանցեց Տիգրան Սարգսյանի առաջարկը՝ 3-4 հոգով վաղը հանդիպել իր հետ, բողոքի ցույցի կազմակերպիչը՝ Վոլոդյա Ավետիսյանը համաձայնեց:
 

Որոշումը ոչ միանշանակ վերաբերմունքի արժանացավ հավաքվածների կողմից, քանի որ նրանցից մի քանիսը շարունակում էին գոռալ՝ «խաբում եք», «հերթական անգամ խաբում եք»:


Մի քանի րոպե տևողությամբ վեճերից հետո, ի վերջո, պայմանավորվեցին երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ՝ այնտեղ պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: