Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստաընկերությունը հեռարձակվում է նաև Facebook-ի միջոցով

14:14 • 06.06.13

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակումը համացանցում. այն իրականացվում է Facebook սոցկայքի միջոցով, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Համացանցային հեռարձակման ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն հեռարձակման ժամանակը համընկնում է հեռուստաընկերության սովորական եթերային ժամերի հետ, նշել են Հարավային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչները։ Աքաունթին, որի միջոցով իրականացվում է հեռարձակումը, աջակցում է Հս. Կորեայի միջազգային «ֆան-ակումբը»։ Facebook-ում տեղադրված են նաև անգլերենով քարոզչական հաղորդագրություններ։

 

Բացի անգլալեզու էջից, Կենտրոնական հեռուստաընկերությունը Facebook-ում ունի կորեերեն, ֆրանսերեն և գերմաներեն էջեր, սակայն հեռարձակում այնտեղ չի իրականացվում։

 

Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, Հրվ. Կորեայի ազգային ոստիկանական գործակալությունն արգելափակել է այդ էջի հասանելիությունը, քանի որ ցանկացած հյուսիսկորեական նյութ՝ տպագիր կամ համացանցում հրապարակված, հայտնվում է ազգային անվտանգության օրենքի ազդեցության տակ։

 

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հյուսիսկորեական հեռուստաընկերությունն իր պատմության ընթացքում առաջին անգամ ցուցադրել է Հրվ. Կորեայի դրոշը։