Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության լուրը Գորիսում ցնծությամբ են ընդունել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրը գորիսեցիների կողմից ցնծությամբ է ընդունվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գորիսեցի երիտասարդ, ով չցանկացավ ներկայանալ:
Վերջինիս փոխանցմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի թաղման արարողությունից հետո մեծ թվով գորիսեցիներ, ովքեր սգում էին իրենց քաղաքի, ինչպես իրենք են ասում, ազնիվ գործարարի մահը, մարզպետին աշխատանքից ազատելու կառավարության որոշումով իրենց վիշտը փոքր-ինչ թեթևացած են համարում:
«Գորիսում էդ լուրը համարյա բոլորին ուրախացրել ա, ուղղակի մարդիկ ափսոսում են, որ մարզպետից ազատվելու համար մի շատ լավ մարդու կորցրեցին»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվել է հունիսի 1-ին՝ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ։ Տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հոգի մարդ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։ Վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սուրեն Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ Ավետիք Բուդաղյանի թաղման արարողության մասնակցել են մոտ 3000 մարդ:










