Կասպարովը որոշել է դեռևս Ռուսաստան չվերադառնալ, քանի որ «վախենում է»
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր Գարի Կասպարովը հայտարարել է, որ դեռևս արտերկրից Ռուսաստան վերադառնալու մտադրություն չունի, քանի որ մտավախություն ունի առ այն, որ իրեն այլևս չեն թույլատրի արտերկիր մեկնել, գրում է newsru.com-ը։
«Այժմ ես լուրջ կասկածներ ունեմ այն հարցի շուրջ, որ Ռուսաստան վերադառնալու դեպքում այլևս չեմ կարողանա արտերկիր մեկնել»,-ասել է հայտնի շախմատիստը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև շեշտել է, որ չվերադառնալու որոշումը կապված է ռուս քաղաքական ակտիվիստների գործունեության վերաբերյալ տարվող հետաքննության հետ։
Նրա մայրը՝ Կլարա Կասպարովան, ևս հաստատել է այս տեղեկությունը, ըստ որի՝ նրա որդին մոտակա շրջանում Ռուսաստան չի վերադառնա։ Այնուհանդերձ նա ընդգծել է, որ Կասպարովի «չհայտնվելը» Ռուսաստանում կրում է բացառապես ժամանակավոր բնույթ։
Մամուլի ասուլիսը նվիրված է եղել UN Watch կազմակերպության կողմից Կասպարովին Մորիս Աբրամի անվան մրցանակի շնորհմանը։ UN Watch-ը որոշել է պարգևատրել Կասպարովին նրա «երկարատև ու ոչ բռնի պայքարի համար, որը վերաբերել է Ռուսաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը»։ Կազմակերպության նախագահ Հիլել Նոյերը նշել է, որ Կասպարովը ոչ միայն աշխարհի ամենախելացի մարդկանցից է, այլև ամենաքաջերից մեկը։










