Կայացել է Ա. Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնի 35-րդ ստուգատեսը

14:56 • 06.06.13

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է աշխարհահռչակ կոմպոզիտորի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
 

Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն է եղել կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։
 

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական մրցանակների ու դիպլոմների։
 

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է։

Մինչ համերգային ծրագրի սկսվելը՝ Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերների ընտանիքների անդամները տուն-թանգարանին են նվիրել առարկաներ, որոնք պատկանել են մեծանուն երաժշտին։