103 տարեկանում մահացել է լիվիական լեզվի վերջին կրողը
Կանադայում 103 տարեկան հասակում մահացել է աշխարհում լիվիերենի վերջին կրող Գրիզելդա Քրիստինը, գրում է Lenta.ru-ն: Ըստ The Times պարբերականի տվյալների՝ ներկայում աշխարհում շուրջ 40 է հոգի խոսում այս ֆիննա-ուգորյան լեզվաընտանիքին պատկանող լեզվով, սակայն նրանց համար այն մայրենի լեզու չի հանդիսանում:
Գրիզելդա Քրիստինը ծնվել է Բալթյան ափին գտնվող Վայդե գյուղում: Վերջին տարիներին լեզվաբանները նրա օգնությամբ կարողացել են փաստեր հավաքագրել լեզվի մասին և լիվիական լեզվի ուսուցման դասագիրք կազմել: Գրիզելդան նաև բանաստեղծություններ է գրել իր մայրենի լեզվով, որոնցից վերջինը նա ավարտել է մեկ ամիս առաջ:
Լիվիական լեզուն մտնում է այս ֆիննա-ուգորյան լեզվաընտանիքի բալթյան ենթախմբի մեջ: Չնայած լեզուների մոտ լինելուն՝ ոչ Էստոնիայի և ոչ էլ Ֆինլանդիայի բնակիչները չեն հասկանում այն:










