Շինթույլտվությունները կտրամադրվեն պարզեցված ընթացակարգով. Երևանի քաղաքապետարան
Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվել և ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով, եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է, քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ և 2-3 օրում ստանալ էսքիզային առաջարկ:
Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում, ի դեպ, նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տևել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաև նոր բնակելի տների նախագծերը:
Եթե քաղաքացին հնարավորություն չունի նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ և արագ շինթույլտվություն:
Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարևան տան շինության սահմանաեզրին, և կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաև ունենալ հարևանի գրավոր համաձայնությունը:










