Բժիշկները զգուշացնում են՝ Սիրիայում համաճարակն անխուսափելի է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ։ Փորձագետների կարծիքով՝ ամառային շրջանում երկրում մեծացել է համաճարակի ռիսկը, հայտնում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին։
Առավելապես վտանգավոր են այն հիվանդությունները, որոնք փոխանցվում են ջրի միջոցով։ Դա հեպատիտն է, տենդը, խոլերան և դիզենտերիան։ Քանի որ Սիրիայի առողջապահության համակարգը լրջորեն տուժել է, հիվանդություններից խուսափել չի լինի։ Հունվարի համեմատ՝ հեպատիտ Ա-ի և փորլուծության դեպքերի թիվն աճել է ավելի քան կրկնակի։ Գրանցվել են նաև տենդի և կարմրուկի դեպքեր։
Պետական հիվանդանոցների առնվազն 35%-ը չի գործում, իսկ երկրի առանձին շրջաններում բուժաշխատողների մինչև 70%-ը փախել է։ Գրեթե 4.25 մլն սիրիացի ապրում է հակասանիտարական պայմաններում։ Նրանք չունեն մաքուր ջրի հասանելիություն։
Նման իրավիճակը հարվածի տակ է դնում նաև հարևան երկրները։ Ինչ վերաբերում է կարմրուկին, ապա դրա առաջացումը կապված է ազգային պատվաստումների գրաֆիկի խախտման հետ։ 2013թ. առաջին եռամսյակում երկրում գրանցվել է վարակման 139 դեպք։ Իսկ 2010 և 2011թթ. կարմրուկ Սիրիայում ընդհանրապես չկար։
Կարմրուկ, տուբերկուլյոզ և մաշկի հիվանդություններ են նկատվում այն սիրիացիների շրջանում, ովքեր հայտնվել են Հորդանանում, Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում։ Օրինակ՝ Հորդանանում վերջին երեք տարիների ընթացքում կարմրուկ չի եղել։ Երկիրը պատրաստվում էր պաշտոնապես իրեն այդ հիվանդությունից ազատված ճանաչել։










