Թուրքիայում տիրող իրադրության ֆոնին Հայաստանից այդ երկիր մեկնողների թիվը նվազել է
Վերջին օրերին Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է, սակայն քիչ, այս մասին Tert.am տեղեկացրեցին տուրիստական գործակալությունները, այս հանգամանքը պարզելու համար Tert.am-ը խոսելու Հայաստանում գործող մի շարք տուրիստական գործակալություններից հետ:
«Գլոուբ թրավել» տուրիստական գործակալության տուրօպերատորներից Միկաելան նշեց, որ մինչև մոտ երկու շաբաթ առաջ միջինում ունենում էին 7-8 հաճախորդ, ովքեր դիմում էին իրենց Թուրքիա մեկնելու համար, սակայն այս օրերին պարզապես հետաքրքրվում են թե ինչպիսին է իրավիճակը այդ երկրում:
«Մեզանից են փորձում պարզել արժի մեկնել, թե՝ ոչ: Հիմնականում որոշում են սպասել, մինչև պարզ լինի իրավիճակը Թուրքիայում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկ շաբաթից ավելի է շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին ընդդեմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի պուրակը հատելու որոշման։
Հավաքված ցուցարարներին բռնությամբ ցրելուց հետո լայնածավալ ցույցեր էին սկսվել երկրի տարբեր քաղաքներում՝ Անկարայում, Ադանայում, Իզմիրում և այլուր։
Անկարգությունների ընթացքում զոհվել է 4 մարդ, տուժել են հազարավոր մարդիկ, կան բազմաթիվ ձերբակալվածներ։
«Սակվոյաժ» տուրիստական գործակալության օպերատորը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ Թուրքիա մեկնելու համար իրենց դիմողների թիվը պակասել է, սակայն գնորդներ միևնույնն է ունեն: Միաժամանակ նա ուրախությամբ նշեց, որ դեռևս ոչ մի տուր փաթեթ հետ չի վերադարձվել:
Tert.am-ի հետ զրույցում նույն իրավիճակի մասին փաստեցին նաև «Մեգատուր», «Էլ Էյջ թրավել» տուրիստական գործակալությունները: «Էլ Էյջ թրավելում» սակայն ընդգծեցին, որ նախկինում և ներկայում մեկնողների տարբերությունը շատ քիչ է:










