ԱՄՆ-ն Սիրիային մեղադրել է Լիբանանի ինքնիշխանությունը խախտելու համար
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին սիրիական իշխանություններին մեղադրել է Լիբանանի ինքնիշխանության կոպիտ խախտման համար՝ սիրիական կառավարական զորքերի կողմից լիբանանյան Արսալ քաղաքի ռմբակոծումից հետո, տեղեկացնում է Взгляд-ը։
««Հըզբոլլահի» մարտիկների մասնակցությունը Սիրիայի հակամարտությանը և Սիրիայի ռեժիմի կողմից Արսալի ռմբակոծումը Լիբանանի ինքնիշխանության խախտում է, որը սպառնում է նրա կայունությանը։ ԱՄՆ-ն սատարում է Լիբանանի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է Քարնիի հայտարարության մեջ։
Միաժամանակ, Սպիտակ տունը պահանջել է «Հըզբոլլահից» և Իրանից անհապաղ դուրս բերել մարտիկներին Սիրիայից։
«Մենք նաև կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վատացնել առանց այն էլ ծանր վիճակը խաղաղ բնակչության շրջանում և ավելացնել բռնության տարածման հնարավորությունը»,-ընդգծել է Քարնին։
Ինչ վերաբերում է Ալ-Կուսեյրում առկա իրավիճակին, ապա Սպիտակ տան խոսնակը նշել է, որ սիրիական կառավարությունն ու հակամարտության այլ կողմերը պետք է հումանիտար կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, հնարավորություն տան մտնելու, վիրավորներին տարհանելու և բուժօգնություն ցույց տալու։










