Պիկասոյի 2 կտավները Sotheby’s աճուրդում վաճառվել են 5 մլն եվրոյով

20:20 • 07.06.13

Փարիզում Sotheby’s աճուրդում վաճառվել են Պաբլո Պիկասոյի երկու աշխատանքները՝ «Մոխրագույն զգեստով նստած կինը» և «Ներկապնակ և ցուլի գլուխ» կտավները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5 մլն եվրո, գրում է Lenta.ru-ն՝ ArtDaily-ին հղումով:


«Մոխրագույն զգեստով նստած կինը», որը Պիկասոն նկարել է 1943-ին՝ Փարիզի շրջափակման ժամանակ, վաճառվել է 3.7 մլն եվրոյով, որը գերազանցել է նախնական սահմանված արժեքը:


«Ներկապնակ և ցուլի գլուխ» կտավը, որը արվել է 1938-ին, վաճառվել է 1.3 մլն եվրոյով: Ըստ Պիկասոյի արվեստը ուսումնասիրողների՝ այս կտավն արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տիրող արհավիրքը:


Պիկասոյի գործերը վաճառքի է հանել նրա թոռնուհին՝ Մարինա Պիկասոն, ով հայտնել է, որ վաճառքից ստացված միջոցները կտրամադրվեն բարեգործության, մասնավորապես Ֆրանսիայում և Վիետնամում հիվանդ երեխաների բուժման համար: