Լենինի՝ Բեռնից հեռանալու մասին հեռագիրն աճուրդի է հանվել Լոնդոնում

13:18 • 08.06.13

Վլադիմիր Իլյիչ Լենինի հեռագիրը, որը հայտնում է Շվեյցարիայից Ռուսաստան վերադառնալու մասին, վաճառքի է հանվել Լոնդոնում Christie's աճուրդի տանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցչին։

 

Հեռագիրը կդառնա հունիսի 12-ին անցկացվելիք «Գրքեր և ձեռագրեր» խորագրով աճուրդի լոտը։

 

1917թ. ապրիլի 6-ին Բեռնից ուղարկված տեքստը, որը հասցեագրված է ֆրանսիացի սոցիալիստ Անրի Ժիլբոյին, գրված է ֆրանսերենով՝ «Մենք վաղը կեսօրին ուղևորվում ենք։ Պլատենն ուղեկցում է գնացքը։ Խնդրում եմ, շտապ արի։ Ծախսերը մենք կհոգանք։ Վերցրու քեզ հետ Ռոմեն Ռոլանին, եթե նա համաձայն է։ Արա ամեն ինչ (Շառլ) Նենին կամ (Էռնե Փոլ) Գրաբերին բերելու համար։ Ֆոլքսհաուս։ Ուլյանով»։

 

Իմանալով Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության մասին՝ Լենինն անհապաղ սկսում է պլանավորել իր վերադարձը Շվեյցարիայից։ Պլատենին հաջողվում է պայմանավորվել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության հետ՝ երկրի տարածքով վագոնի անցկացման համար, որում գտնվում էին Լենինը և նրա շուրջ 30 համախոհները։

 

Խմբի կազմում արդյունքում չընդգրկվեցին ոչ Ժիլբոն, ոչ Ռոլանը, սակայն 1917թ. ապրիլի 9-ին հեղափոխականների խումբը լքում է Բեռնը։ Ուղիղ մեկ շաբաթ անց Լենինը ժամանում է Պետրոգրադի Ֆիննական կայարան, իսկ կես տարի անց տեղի է ունենում Հոկտեմբերյան հեղափոխությունը։

 

«Լենինի ուղևորությունը Շվեյցարիայից, անկասկած, շրջադարձային պահ էր նրա կյանքում և որոշիչ պահ 20-րդ դարի պատմության մեջ»,- նշվում է աճուրդի տան հաղորդագրությունում։ Պատմական փաստաթղթի մեկնարկային գինը 20-30 հազ. ֆունտ է։