Մոնսերատ Կաբալիեն Երևանում վարպետության դաս է անցկացրել (լուսանկարներ)
Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Երեկ աշխարհահռչակ երգչուհին վարպետության դաս է անցկացրել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որին մասնակցել են Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, օպերային թատրոնի արտիստները, բազմաթիվ երաժիշտներ և արվեստասերներ: Վարպետության դասին ներկա են եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինը՝ Գոհար Սարգսյանն, ով Մոնսերատ Կաբալիեի այցի ողջ ընթացքում ուղեկցում է նրան:
Երգչուհին ունկնդրել է մի քանի տասնյակ երիտասարդների կատարումները, խորհուրդներ է տվել նրանց: Նրան հիացրել են երիտասարդներից շատերի կատարումները: Ուսանողները դասընթացից հետո խոստովանել են, որ երբևէ չէին կարող պատկերացնել, որ կարող են հանդիպել աշխարհահռչակ սոպրանոյի հետ, խորհուրդներ լսել այն մասին, թե ինչպես պահպանել ձայնը, ինչպիսի երգացանկ ընտրել, ինչպես կառավարել շնչառական համակարգը կատարման ընթացում:
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի










