«Հունիսի 12-ին «Բոլորը գնում են Երևան»». Новая Газета-ի անդրադարձը՝ Հայաստանում կայանալիք միջոցառմանը

17:25 • 08.06.13

Հունիսի 12-ին մայրաքաղաք Երևանում կմեկնարկեն «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլոր գնում են Երևան» խորագրով միջոցառումները:  «Բոլորը գնում են Երևան»-ը 2011 և 2012 թվականներին համապատասխանաբար «Տալլինը գնում է Օդեսա» և «Օդեսան գնում է Տալլին» միջոցառումների (անցկացվել է համապատասխանաբար Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում և Ուկրաինայի Օդեսա քաղաքում) շարունակությունն է: Միջոցառման շրջանակում աշխարհի տարբեր երկրներից մոտ 600 մարդ կժամանի Հայաստան՝ մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ: Ծրագրի նպատակը Հայաստանի մշակույթին և պատմությանը ծանոթանալն է: «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրն էլ էստոնացի Մելիս Կուբիտսն է: Հունիսի 12-16-ը կայանալիք միջոցառմանն անդրադարձել է ռուսական «Նովայա գազետա» պարբերականը: Հոդվածագիր Օլգա Տիմոֆեևան «Հունիսի 12-ին «Բոլորը գնում են Երևան»» վերտառությամբ հոդվածում որոշ մանրամասներ է ներկայացնում ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև հայտնում իր կարծիքը նախաձեռնության մասին: 

 

Հրապարակման բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Տալլինում գտնվեց մեկը, որը ֆինանսապես ապահոված և մինչև մազերի ծայրը բիզնես-գործերի մեջ խրված լինելով հանդերձ գիտակցեց, որ մեծ տերության փլուզումից հետո (նկատի ունի ԽՍՀՄ-ը (1922-1991թթ.) -Tert.am) դրա կազմի մեջ մտնող երկրների միջև կապի ընդհատումն ավելի մեծ վնաս հասցրեց բարդ ճյուղավորություն ունեցող մշակույթին, առանց որի մեծ թվով մարդկանց կյանք զգալիորեն «խամրեց» և անիմաստացավ: Հետո նա հասկացավ, որ մշակութային դաշտը, ըստ էության, միակն է, որտեղ մարդիկ կարող են գոյակցել առանց կռվի և վիրավորանքի ու խելամիտ զրույցներ և հետաքրքիր հանդիպումներ անցկացնել: Էստոնացի Մելիս Կուբիտսը Օդեսացիների համաշախարհային ակումբի հետ համատեղ սկզբում կազմակերպեց «Տալլինը գնում է Օդեսա» և «Օդեսան գնում է Տալլին» ժողովրդական դիվանագիտության ակցիաները, որոնք բարեկամական մթնոլորտում անցկացվեցին համապատասխանաբար 2011 և 2012թթ-ին, իսկ այժմ դարձել է «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտություն նախաձեռնության համահիմնադիրը:

 

Հունիսի 12-16-ը Հայաստանի մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս կանցկացվեն 40-ից ավելի տարատեսակ միջոցառումներ, այդ երկիր կայցելեն 600 հյուրեր (տարբեր երկրներից), որոնց թվում են Միխայիլ Ժվանեցկին (ռուս գրող), Ռոման Կարցևը (էստրադայի, թատրոնի և կինոյի արտիստ, Ռուսաստան), Յուրի Շևչուկը (ռուս երգիչ, պոետ), Վալերի Խայիթը (ուկրաինացի արձակագիր), Դմիտրի Շագինը (ռուս գեղանկարիչ) և այլ գեղանկարիչներ, երաժիշտներ, գրողներ, որոնք իրենց շնորհը ցույց կտան հանդիսատեսին, որը խանդավառությամբ սպասում է նրանց:


Միջոցառման շրջանակում հատուկ ծրագիր կներկայացվի՝ նվիրված Սերգեյ Դովլաթովին (1941-1990թթ. հայկական և հրեական արմատներ ունեցող գրող, ծնվել է Ռուսաստանում, այնուհետ գաղթել է ԱՄՆ), որը, ինչպես հայտնի է, շատ էր ափսոսում, որ այդպես էլ չկարողացավ Հայաստան այցելել: Նրա ընկերները՝ գրող, արձակագիր Ելենա Սկուլսկայան և գրականագետ Անդրեյ Արևը նրան նվիրված կլոր սեղան կանցկացնեն՝ «Սերյոժա Դովլաթովի» մասին, կներկայացվի հատուկ կինոծրագիր և կհնչեն ջազային ստեղծագործություններ:

 

Միջոցառման կարևորության մասին է խոսում նաև այն, որ ծրագրի շրջանակում նաև ելույթ կունենա էստոնական հայտնի՝ տղամարդկանց երգչախումբը. կհնչեն հոգևոր և աշխարհիկ երգեր: Կասկած չկա, որ նման միջոցառումներն 100 անգամ ավելի են բարելավում ցանկացած երկրի հեղինակությունը, քան այն 500 մլն ամերիկյան դոլարը, որը մեր նախագահը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) հատկացրեց «Ռոսսոտրուդնիչեստվոյին» (ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալություն)»: