«Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնության նպատակն է՝ աջակցել Հայաստանի թանգարաններին

16:49 • 14.06.13

Ստեղծվել է «Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել թանգարաններ և պատկերասրահներ այցելությունները, ինչպես նաև աջակցել Հայաստանի թանգարաններին: Նախաձեռնության հեղինակ Կարինե Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք արդեն երկու անգամ է Փարաջանովի անվան տուն-թանգարանի և Ավետիք Իսահակյանի թանգարանի առջև այդ նպատակով ցուցահանդես-վաճառք են կազմակերպել և հրավիրել բոլորին ներկա գտնվել:
 

«Այդ օրերը մի փոքր տոն դարձան բոլոր մասնակիցների համար, քանի որ նրանք կտրվեցին իրենց առօրյայից, կենցաղային խնդիրներից և բավարարեցին իրենց հոգևոր պահանջները: Մարդիկ միշտ մտածում են, որ դեռ կհասցնեն գնան տեսնեն, ու միշտ հետաձգում են: Մասնակցելով ցուցահանդես-վաճառքին իրենք նաև այցելեցին թանգարան, որտեղ շատերը անգամ չէին եղել»,- ասաց նա:


Նշենք, որ առաջին ցուցահանդես-վաճառքին ներկայացվել է հենց Կարինե Վարդանյանի կոլաժային աշխատանքները, իսկ մյուսին՝ 8 ստեղծագործողների տարբեր աշխատանքներ:


Կարինե Վարդանյանը տեղեկացրեց, որ վաճառքից ստացված որոշակի գումար իրենք որպես աջակցություն փոխանցում են թանգարանին։


Նախաձեռնության համակարգող Եվգենյա Կազունյանը նշեց, որ թանգարաններին աջակցելու համար, իրենք ցուցահանդես-վաճառք այցելողների համար տոմսեր են գնել և բաժանել: Նա միաժամանակ ընդգծեց, որ շատերը դրանցից չէին օգտվում, այլ պարզապես իրենք էին տոմս գնում ու թանգարան մտնում:


«Բայց այսուհետ մենք չենք գնալու թանգարաններին նման ցուցահանդես-վաճառք իրականացնելու առաջարկ անելու, քանի որ ոմանք սխալ են հասկանում և մտածում են, որ մենք այսպիսով մեր PR-ն ենք իրականացնում: Մարդիկ չենք հավատում, որ դու անշահախնդիր ձևով կարող ես նվիրվել մի գործի: Բայց ուզում եմ բոլորին ասել, որ նման բան չկա, պարզապես մենք ուզում ենք օգնել թանգարաններին»,- ասաց նա և տեղեկացրեց, որ իրենք ստեղծել են նախաձեռնության անվանումով Facebook-յան էջ, որի միջոցով բոլոր թանգարանները կարող են տեղեկանալ իրենց մասին:


Կարինե Վարդանյանը ևս ցավով նշեց, որ շատերը իրենց նախաձեռնությունը սխալ են ընկալում և մտածում են, որ անձնական շահ են հետապնդում:


«Ես ուզում եմ պարզապես, որ մարդիկ թանգարաններ գնալու սովորություն ունենան, որ իրենց երեխաներին անպայման տանեն այնտեղ ու մշակույթի հետ հարաբերեն: Սա կարևոր է մեր հասարակության և երեխայի զարգացման համար»,- ասաց նա և նշեց, որ երրորդ ցուցահանդես-վաճառքը պետք է տեղի ունենար Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի առջև, սակայն այսօր առավոտյան տնօրենը զանգահարել ու հրաժարվել է` պատճառաբանելով, որ ինքը լսել է, որ նախաձեռնության անդամները սեփական PR-ով են զբաղված: