Առնոլդ Շվարցենեգերը հայտնել է «Տերմինատոր 5» ֆիլմի նկարահանումները սկսելու ամսաթիվը

12:13 • 14.06.13

«Տերմինատոր 5» նախագիծը, որին կմասնակցի հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերը, ավելի է հստակեցվում, գրում է filmpro.ru-ն։ Ավստրալիայում անցկացվող 21st Century Financial Education գագաթնաժողովի ժամանակ դերասանը կրկին հաստատել է, որ կվերադառնա Տերմինատորի դերին, և նշել է նկարահանումները սկսելու ամսաթիվը։ 

 

Շվարցենեգերի խոսքով՝ նկարահանումները կսկսվեն 2014թ. հունվարին։ Վարձույթում հայտնվելու ամսաթիվը դեռ չի նշվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմով, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Paramont Pictures ընկերությունը։

 

Շվարցենեգերը պատրաստվում է նկարահանվել նաև «Բարբարոս Կոնանը» ֆիլմի շարունակությունում և «Եռյակները» կատակերգությունում, որտեղ նրա գործընկերները կլինեն Դենի ԴեՎիտոն և Էդի Մերֆին։ Իսկ արդեն այս տարի սեպտեմբերին կարելի է տեսնել Շվարցենեգերին «Փախուստի պլանը» ֆիլմում՝ Սիլվեստեր Ստալոնեի հետ։