Հայտնաբերվել է գրող Վրեժ Իսրայելյանի դին

12:53 • 14.06.13

Այսօր Երևանի Վաղարշյան 19 / 1 հասցեում գտնվող իր բնակարանում հայտնաբերվել է արձակագիր Վրեժ Իսրայելյանի դին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:


Տեղեկատվությունը, որ նա ինքնասպանություն է գործել, Ոստիկանությունից առայժմ չհաստատեցին՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են:


Վրեժ Իսրայելյանի գրչակից ընկերներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, հայտնեց, որ Վրեժ Իսրայելյանին մոտ մեկ շաբաթ առաջ հայտնել են, որ տառապում է թոքի քաղցկեղով, ու հիվանդությունը վերջին փուլում է, ունի մետաստազներ:


Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949, ապրիլի 2-ին: Նա Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է դարձել «Տոնապետ» գրքի համար:


1993-99թթ Վրեժ Իսրայելյանը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրն էր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետը:


Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:


Լուսանկարը՝ granish.org-ի