42 տարի առաջ այս օրը Պարույր Սևակն ավտովթարի զոհ դարձավ

12:59 • 17.06.13

1971 թվականի հունիսի 17 –ին ավտովթարի զոհ դարձավ հայ մեծ բանաստեղծ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը՝ Պարույր Սևակը, ով թաղված է հայրենի Չանախչի գյուղում: Բանաստեղծի հետ զոհվում է նաև կինը՝ բանասեր և թարգմանիչ Նելլի Մենաղարաշվիլին:


Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ Պարույր Սևակը սկսել է հինգ տարեկանից։


1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով Սևակը ընդունվում է Երևանի պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բանասիրության բաժինը։ Գրական կեղծանունը ստանում է, երբ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները՝ Պարույր Սևակ ստորագրությամբ։


1955 – 1959 թթ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները: 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում էր որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարն էր:


Պարույր Սևակը ութ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Անմահները հրամայում են» լույս է տեսել 1948-ին, իսկ ՝ « Եղիցի լույս»-ը՝ 1969-ին, որը «Մարդը ափի մեջ» և 1959ին «Անլռելի զանգակատուն» ժողովածուի հետ մեկտեղ համարվում են Պարույր Սևակի գրական ստեղծագործության գագաթները:


Պարույր Սևակի գրական երկներից են նաև «Անհաշտ մտերմություն», «Սիրո ճանապարհ», «Սայաթ Նովա» ժողովածուները:


Նյութը պատրաստելիս օգտագործվել են ազատ հանրագիտարանում և Sevak.info կայքերում զետեղված նյութերը։