«Tweet» բառն իր նոր նշանակությամբ ներառվել է Օքսֆորդի բառարանում
Չնայած իր գոյության կարճ պատմությանը «Tweet» բառը հայտնվել է օքսֆորդյան բառարանի նոր հրատարակչության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բառարանի գլխավոր խմբագիր Ջոն Սիմփսոնը հայտարարել է, որ «tweet» բառի ներառումը խախտում է օրենքներից մեկը, որը նախատեսում է, որ բառարանում կարող է հայտնվել միայն 10 տարի շրջանառության մեջ գտնվող բառը:
«Սակայն այս բառը, կարծես թե, ընդունվել է»,-գրել է Սիմփսոնը:
«To tweet» բային Օքսֆորդյան բառարանում մի քանի հավելյալ բացատրություն է տրվում՝ «գրառում կատարել Twitter միկրոբլոգում», «պարբերաբար գրառումներ կատարել Twitter-ում» և «Twitter-ում տեղադրել որևէ տեղեկություն կամ որևէ մեկին հաղորդագրություն ուղարկել»:
Օքսֆորդյան բառարանը թողարկվում է 1884 թվականից:










