Բոլիվիայում հրապարակվել են Չե Գևարայի՝ պարտիզանական պատերազմի շրջանի լուսանկարներն ու նամակները

09:31 • 18.06.13

Կուբացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի` Բոլիվիայում պարտիզանական պատերազմի ժամանակաշրջանի նախկինում անհայտ անձնական նամակներն ու լուսանկարները  հրապարակվել են բոլիվիական Razon պարբերականում, հայտնում է РИА Новости-ն։

 

Նյութերը վերաբերում են այն շրջանին, երբ Չեն նախորդ դարի 60-ական թվականներին մի խումբ համախոհների հետ փորձել է պարտիզանական շարժում սկսել Բոլիվիայի իշխանությունների դեմ։


1967թ. Չե Գևարայի մահից հետո փաստաթղթերը գտնվում էին բոլիվիացի զինվորականների մոտ և պահվում էին «գաղտնի է» գրառմամբ։


Խոսքը մոտավորապես 20 էջանոց տեքստի և լուսանկարների մասին է, որոնք լրագրողներին են տրամադրել նախկին զինվորականները։ Լուսանկարներից մեկում գերմանական ծագումով Տանյա մականունով արգենտինուհի Թամարա Բունկեի դին է. նա եղել է Գևարայի համախոհը և սպանվել մարտերից մեկում։ Փաստաթղթերի թվում է նաև Տանյայի նամակն իր ընկերոջը, որն այդպես էլ չի հասել հասցեատիրոջը։

 

Պարբերականը վստահեցնում է, որ բոլիվիացի զինվորականները դեռևս շատ նամակներ ունեն, որոնք գրել է Չեն գերության ժամանակ և որոնք մնացել են հաղթողների մոտ։