Անջելինա Ջոլին կնկարահանի ֆիլմ, որի համար 50 տարի ռեժիսոր չէին գտնում
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կվերադառնա ռեժիսորական վահանակի մոտ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Իր վիրահատության մասին լուրից մեկ ամիս անց նա աշխատում է մի քանի նախագծերի վրա, որոնց թվում է օլիմպիական վազորդ Լուի Ձամպերինիի մասին ֆիլմը: 1936-ի Օլիմպիական խաղերին նա գրավել էր Հիտլերի ուշադրությունը, ապա պատերազմի ժամանակ գերի ընկել Ճապոնիայում, ենթարկվել խոշտանգումների ու նվաստացումների, այնուհետև տրվել կրոնին:
Universal ընկերությունն այս նախագծի վրա աշխատում է շուրջ 50 տարի: Սակայն մինչ օրս ոչ ռեժիսոր, ոչ էլ գլխավոր դերակատար այս ֆիլմի համար չի գտնվել:
Անջելինան այս ֆիլմի նկարահանման համար կարդացել է Լորա Հիլենբրենդի «Չկոտրվածը» բեսթսելլերը, որը նույն մարզիկի մասին է:
Ջոլիի բնորոշմամբ «Լուին դասական բարության, քաջության ու հավատի տիպար է»: Ջոլին օրերս գլխավոր դերակատարի քասթինգ է հայտարարել:
Կալիֆորնիայում բնակվող 96-ամյա Ձամպերինին առայժմ չի արձագանքել:
Ջոլիի ռեժիսորական դեբյուտը՝ «Արյան ու մեղրի երկրում» ֆիլմը՝ Բոսնիայի պատերազմի մասին, ժամանակին լուրջ քննադատության էր ենթարկվել:










