Ժերար Դեպարդյոն և Մարիա Կոժևնիկովան կնկարահանվեն Սոչիի օլիմպիադային նվիրված ֆիլմում
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դարձած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն կխաղա Սոչիի օլիմպիադայի մասին ֆիլմի գլխավոր դերը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով պրոդյուսեր Ֆյոդոր Պոպովին։
«Սպորտն առանց սահմանների» ռուս-ավստրիական համատեղ ֆիլմը նվիրված է Սոչիի ձմեռային օլիմպիադային։ Պոպովը նշել է, որ Դեպարդյոն կխաղա ֆիլմի գլխավոր դերը՝ սպորտային տնօրեն Սերգեյ Ռոմանովի, ով ստիպված է լուծել Ռուսաստանի լեռնադահուկորդների տղամարդկանց հավաքականի արդյունավետության բարձրացման խնդիրը։
Պրոդյուսերի խոսքով՝ կնոջ գլխավոր դերը կկատարի Պետդումայի պատգամավոր Մարիա Կոժևնիկովան։
Ֆիլմում կնկարահանվի լեռնադահուկային սպորտի աստղ Կարլ Շրանսը։ Ռեժիսորները կլինեն ավստրիացի Օտտո Ռետցերը և ռուսաստանցի Ալեքսանդր Լոմակինը։ Ֆիլմի բյուջեն կկազմի 3 մլն եվրո։










