Մոնեի կտավն աճուրդում վաճառվել է 19.7 մլն ֆունտ ստեռլինգով
Sotheby's աճուրդի տան կազմակերպած երեկոյան աճուրդում գրեթե 20 մլն ֆունտ ստեռլինգով վաճառվել է Կլոդ Մոնեի «Պալացո Կոնտարինի» կտավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կտավի նախնական արժեքը, որը հեղինակը նկարել է 1908-ին, Վենետիկ կատարած այցի ժամանակ, եղել է 15-20 մլն ֆունտ ստեռլինգ։ «Պալացո Կոնտարինին» եղել է «Իմպրեսիոնիզմ և ժամանակակից արվեստ» աճուրդի գլխավոր նմուշը։
«Վենետիկը և Մոնեն ստեղծված էին միմյանց համար։ Գույների գեղեցիկ գունապնակով և ժամանակակից էսթետիկայով այս աշխատանքը երբեք չի կորցնի իր գրավչությունը»,- ասել է իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի եվրոպական դեպարտամենտի ղեկավար Հելենա Նյումենը։
Աճուրդի այլ կարևոր նմուշներից են դարձել Պաբլո Պիկասոյի, Փիթ Մոնդրիանի և Վասիլի Կանդինսկու աշխատանքները։ Աճուրդի տունը հույս ունի, որ երեկոյան վաճառքից եկամուտը կկազմի 75 մլն ֆունտ ստեռլինգ։










