2013-ին Սանահինի համալիրի վերականգման համար ծախսվել է 18 մլն դրամ
Սանահին պատմամշակութային համալիրի վերականգման աշխատանքներն իրականացնելու համար այս տարի պետբյուջեից ծախսվել է 18 մլն դրամ, այս մասին այսօր կառավարության հերթական նիստին վարչապետին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և նշեց, որ դեռևս ընթացիկ շատ անելիքներ կան այստեղ:
Վարչապետը նշեց, որ Սանահինի համալիրի վերականգնման գործին ներգրավված են եղել գերմանացի, ֆրանսիացի և իտալացի մասնագետներ և տվել են իրենց եզրակացությունը:
«Ես վերջերս այնտեղ էի, տեսա որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ արդեն կատարված է»,-ասաց նա և հետաքրքրվեց փոխնախարարից, թե այս պահի դրությամբ հասարակական կազմակերպություններին Սանահինի հետ կապված ի՞նչ հարցեր են հետաքրքրում:
Արև Սամուելյանը նշեց, որ ընդհանրապես պատմամշակութային ժառանգության հարցերի հետ կապված հասարակությունը ակտիվ է արձագանքում, ինչը շատ նա դրական է համարում:
«Միշտ էլ հարցեր առաջանում են, բայց հիմնականում ոչ մասնագիտական ոլորտում և մշտապես խնդիր է առաջանում որոշ հարցեր հանրային դարձնելու, իրազեկելու համար»,-ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց բոլորին շատ հուզող Սանահին համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնական պատից՝ հարցնելով, թե արդյոք այն կանգնած է փլուզման եզրին:
«Այո, խոսքը գնում է եկեղեցու հարավարևելյան անկյան մասին, որը արտաքուստ թեքված տեսք ունի, բայց երեք տարվա ընթացքում անընդհատ հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդհանրապես դինամիկա չկա փլուզման»,– ասաց նա:
«Խնդիրներ կան, որոնք անընդհատ պետք է լուծվեն: Վտանգ չկա, Սանահինը կանգուն է, բայց ամրակայման խնդիրներ միշտ էլ կան»,- ասաց նա և ավելացրեց, որ աշխատանքները շարունակական են լինելու և դեռ մի քանի տարվա աշխատանք կա:
Տիգրան Սարգսյանը հորդորեց ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց ներկայացնել հետազոտության բոլոր արդյունքները, որ նախարարությանը տրամադրել են մասնագետները:










