«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է Եվրախորհրդարանում

10:44 • 21.06.13

Հունիսի 17-ին Եվրախորհրդարանում (Եվրամիության օրենսդիր մարմինն է) ցուցադրվել է շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: 

 

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, կինոժապավենի  ցուցադրությունը կազմակերպվել էր Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի և Եվրախորհրդարանի պատգամավորների (Կարլ Շիլթեր և Սեսիլյա Վիքսթրոմ) աջակցությամբ:

 

«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը (2011թ.) Հայոց ցեղասպանության ամենասարսափելի էջերից մեկի՝ հայ կանանց և աղջիկների նկատմամբ իրականացված սեռական բռնության մասին է: Կինոռեժիսորը ֆիլմում արծարծում է Մեծ Եղեռնի ականատես  կանանց «դաջվածքների» թեման. դաջվածքներ, որոնց առկայությունը վկայում էր բռնաբարված լինելու մասին: «Դաջված»  կանանցից մեկն էլ ֆիլմի գլխավոր հերոսն է՝ ռեժիսորի տատը, որը 12 տարեկանում  բռնաբարվել էր քուրդ կապիտանի կողմից...

 

Եվրախորհրդարանում ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել ավելի քան 120 մարդ, ներառյալ եվրախորհրդարանականները: Ֆիլմի ցուցադրությունից հետո ելույթ է ունեցել Խարդալյանը և պատասխանել հանդիսատեսի հարցերին: Կինոռեժիսորը նշել է, որ ինքը բախտավոր մարդ է, քանի որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հասցրել է զրուցել Հայոց ցեղասպանության ականատես մի շարք կանանց հետ, լսել նրանց պատմությունները և «հավերժացնել» դրանք: «Կարծես թե նրանք սպասում էին, որ իրենց պատմությունները ներկայացնեն  ինձ, ապա նոր մահանան»,-ասել է Խարդալյանը:

 

Այնուհետ ելույթով հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավոր Կարլ Շիլթերը և  նշել, որ գալիք սերունդներին անհրաժեշտ է պատմել Առաջին (1914-1918թթ.) և Երկրորդ (1939-1945թթ.) համաշխարհային պատերազմների ժամանակ կանանց կրած փորձությունների, նրանց նկատմամբ կատարված բռնությունների մասին և դատապարտել դրանք, որպեսզի հետագայում չկրկնվեն:

 

Խարդալյանի ֆիլմը ցուցադրվել է աշխարհի  մի շարք երկրներում, այդ  թվում՝ Թուրքիայում: 2012թ. հունվարի 12-ից 18–ը ֆիլմը ցուցադրել է նաև արաբական հեղինակավոր Al-Jazeera հեռուստաալիքը:

 

«Մեծ մորս դաջվածքները» կարող եք դիտել այստեղ