Դեսպանատները կրկին աջակցում են «Ոսկե Ծիրանին». փառատոնը կբացի Շառլ Ազնավուրի կատարմամբ ֆիլմը

16:02 • 21.06.13


«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին (ՄԿՓ), ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես իրենց աջակցություն են ցուցաբերել ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները։ Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ծրագրի որոշ մասը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ։


Նա շեշտեց, որ ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը ֆրանսիահայ լեգենդար շանսոնիեի՝ Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին, որը կմեկնարկի հենց Ազնավուր դերակատարմամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով։ Կցուցադրվեն նաև Դընիս դը լա Պատելիեյի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրությունների ծրագրում։


«Փառատոնը բացվում է ֆրանսիական ֆիլմով և ֆրանսիական ֆիլմով էլ փակվում է։ Ֆրասիական ներկայությունը շատ բարձր է լինելու»,-ասաց նա։


Ֆաբիան Ներան, ով ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդն է, նշեց, որ իրենց աջակցությամբ ֆրասիացի մի շարք կինոգործիչներ կմասնակցեն փառատոնին, մասնավորապես, որպես ժյուրի կազմի անդամ կլինեն ֆրանսիահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը, Ֆրասիայի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին, պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը։ Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմը կներկայացնի ֆիլմի հեղինակը՝ Լորանս Պերիգոն։


Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը խնդրեց ամեն ինչ չասել, քանի որ դեռ անակնկալներ կլինեն։


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ իրենք աջակցություն են բերում երկու եղանակով։ «Մենք ուրախ ենք, որ այս փառատոնի շրջանակում կրկին Հայաստան ենք բերելու ամերիկացի հայտնի փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյին։ Նա երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, առաջին անգամ 2006-ին էր և Փարաջանովի մրցանակին է արժանացել։ Նա նաև վարպետության դասեր կանցկացնի»,-ասաց դեսպանը և նշեց, որ երկրորդ ներգրավվածությունը կլինի այն, որ իրենք մասնակիորեն ֆինանսավորել են հայ-թուրքական կինոպլատֆորմի իրականացումը։


«Այս պլատֆորմի շրջանակում 11 կարճ վավերագրական ֆիլմեր են պատրաստվել հայ-թուրքական հաշտեցման շուրջ»,– ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ սա լիովին համահունչ է փառատոնի հիմնական գաղափարախոսությանը։ Նա նաև նշեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում նաև աշխատաժողով կանցկացվի, որը հաջորդ տարի կանցկացվի Ստամբուլում։


ՀՀ Գերմանիայի դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտին նշեց, որ իրենք Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում հուլիսի 9-ին կանցկացնեն գերմանական կինոյի օր, որը կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» ֆիլմի ցուցադրությամբ։ Նա նշեց, որ ռեժիսորը անձամբ կներկայացնի ֆիլը։ «Հույս ունենք, որ Փարաջանովի մրցանակը կստանա նա»,- ասաց նա։


Լեհաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին ասաց, որ իրենք նույնպես պատիվ ունեն մասնակցելու և աջակցելու ծրագրին։ Նա նշեց, որ Լեհաստանի կինոստուդիայի աջակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը։


«Կինոփառատոնը բավական լուրջ կայացել է և այն Կովկասում ամենամեծ մշակութային իրադարձություններից է։ Հույս ունեմ, որ առհասարակ փառատոնը բոլորին դուր կգա և ոչ միայն լեհական օրը»,- ասաց նա։


Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Ռուսաստանի ԴաշնությունՆ այս հարցում պասիվ։ Սուսաննա Հարությունյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել դեսպանատանը և ոչ թե իրենց։ «Նրանք մեզ հետ չեն համագործակցում»,- ասաց նա։