Մեքսիայում Մայաների քաղաքակրթությանը պատկանող հնագույն քաղաք են հայտնաբերել

22:24 • 21.06.13

Հնագետները Մեքսիկայի արևելքում հնագույն քաղաք են հայտնաբերել, որը պատկանել է Մայաների քաղաքակրթությանը, հայտնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:


Քաղաքը, որի մակերեսը զբաղեցնում է 22 հեկտար տարածք, գտնվում է Յուկատան թերակղզու վրա: Այն բաղկացած է 15 բուրգերից, որոնցից ամենամեծի բարձրությունը կազմում է 22 մետր: Բացի այդ ուսումնասիրող գիտնականները բուրգերի հարևանությամբ գնդակ խաղալու համար նախատեսված տարածք և շուկայի հրապարակ են հայտնաբերել:


Հնագետների գնահատմամբ՝ քաղաքում, որն իր ծաղկուն շրջանն ապրել է VII-X դարերում, բնակվել է 30-40 հազար մարդ: Նրանց խոսքով` քաղաքն ամբողջովին պատված է անտառներով:


Հնագետները հույս են հայտնում, որ հայտնաբերված քաղաքի մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա պարզել շուրջ 1000 տարի առաջ անհետացած Մայաների քաղաքակրթության անկման պատճառները: