Ճապոնիայի Ֆուձի լեռը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

15:10 • 22.06.13

Ճապոնական հայտնի Ֆուձի լեռը պաշտոնապես ներառվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 37-րդ նիստը տեղի է ունեցել Կամբոջայում։ Կոմիտեի որոշմամբ՝ Ճապոնիայի ամենահայտնի լեռը ներառվել է ցանկում «Ֆուձի լեռ. պաշտամունքի օբյեկտ, արվեստի անսպառ աղբյուր» անվամբ։


Ճապոնիան լեռը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառելու հայտ էր ներկայացրել անցյալ տարվա հունվարին, պնդելով, որ այն իր մեջ միավորում է 33 մշակութային և պատմական հուշարձան, ինչպես նաև ճապոնացիների համար ազգային հավատի առարկա է համարվում։

 

Ֆուձին Ճապոնիայի ամենաբարձր լեռն է (3.776 մետր), և լավ եղանակի դեպքում այն հնարավոր է տեսնել Տոկիոյից, որը շուրջ 100 կմ հեռավորության վրա է գտնվում։