Նյու Յորքում ջրահարսերի շքերթին մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցել (լուսանկարներ)

12:05 • 23.06.13

Նյու Յորքում շաբաթ անցկացվել է ջրահարսերի ամենամյա շքերթը։ Հազարավոր մարդիկ ծովային առասպելական կերպարների, ծովահենների, նավաստիների և ստորջրյա աշխարհի բնակիչների վառ հագուստներով անցել են Քոնի Այլենդ թերակղզիով, որը տուժել էր «Սենդի» փոթորիկից նախորդ տարի աշնանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ըստ նախնական հաշվարկների՝ մոտ 1 մլն մարդ է ժամանել Բրուքլինում գտնվող թերակղզի՝ իր տեսակի մեջ եզակի միջոցառմանը մասնակցելու համար։


Երթը, որը ճանաչվել է խոշորագույն արվեստի շքերթն աշխարհում, առաջին անգամ կայացել է 1983-ին։ Յուրաքանչյուր տարի այն գլխավորում են ծովերի արքա Նեպտունը և թագուհի ջրահարսը։ Այս տարի այդ պատվին արժանացել են կատակերգու դերասան Ջուդ Ֆրիդլանդերը և լրագրողուհի Քերոլ Ռաձիվիլը։