Սերժ Սարգսյանն ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին և պարգևատրել «Մովսես Խորենացի» մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական դրդապատճառները, որոնք հանգեցրել են Ցեղասպանությանը:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երախտագիտություն հայտնել նրան՝ իր գրական գործունեության ընթացքում հայ ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունն իսպաներեն, այնուհետ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար:
Հայ ժողովրդի համար, ըստ ՀՀ նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո և պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ: Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ նախագահը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է:
Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին բարձր պարգևի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ փորձելով կյանքի հետագա տարիներին էլ արժանի լինել այդ մեծ պարգևին:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը առողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ է մաղթել Գոնսալո Գուարչին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կանգնել իր բարեկամների կողքին և ուրախ կլինի մեծագույն հաճույքով նրանց վերստին հյուրընկալելու:










