Խոսակցություն է եղել ու «վսյո». Օհանավանի գյուղապետը համայնքի հոգևորականին քաշքշելու միջադեպի մասին

17:36 • 25.06.13

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում օրերս վիճաբանություն է ծագել Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Եփրեմի և մի քանի բնակիչների միջև, ինչի արդյունքում պատառոտվել է հոգևորականի սքեմը, պոկվել նրա խաչը: Այս մասին այսօր իր հրապարակումներից մեկում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հարցին շուրջ Tert.am-ը խոսեց համայնքի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանի հետ, ով նշեց, որ ընդամենը խոսակցություն է եղել ու վերջ: «Էդպիսի բան տեղի չի ունեցել, աղջիկ ջան, դա եղել է խոսակցություն: Մարդիկ ծառ են տնկում գարնանը, տեր հայրը այդ ժամանակ նկարահանումներ անելուց ա եղել, ասել ա՝ մի տնկեք ու խոսակցություն է եղել, ու վսյո ուրիշ ոչ մի բան, թե չէ տրագեդիա ա դառել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծկռտուքի պատճառը եղել է եկեղեցուն պատկանող հողակտորը, որը գյուղի ընտանիքներից մեկը վերցրել ու իր համար այգի է դարձրել։

Միջադեպի օրը «Շողակաթ» հեռուստաընկերությունը նկարահանումներ է իրականացրել եկեղեցապատկան այդ տարածքում։ Սակայն վերոնշյալ ընտանիքը արգելել է՝ պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է, և իրենք ոչ ոքի թույլ չեն տա այն նկարել։ Նրանց դիմադրությանը փորձել է միջամտել եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Եփրեմը. արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները և հարվածները, որոնց հետևանքով էլ պատառոտվել է հոգևորականի սքեմը, պոկվել նրա խաչը:

Հարցին, թե ի վերջո ում է պատկանում հողատարածքը Ալեքսան Ալեքսանյանը պատասխանեց, որ այն համայնքի սեփականությունն է և պատկանում է միայն համայնքին: Ավելին՝ տարածքը պատկանում է նախկին գերեզմանատանը:
 

Ինչ վերաբերում է տեր հայրին քաշքշելուն, սքեմը պատառոտելուն, համայնքի ղեկավարն ասաց. «Էդպիսի բան տեղի չի ունեցել, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»։
 

Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ մեզ զրուցել չհաջողվեց, քանի որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից պատասխանեցին, որ վերջինիս համարը իրենք չունեն և հորդորեցին զանգահարել Արագածոտնի թեմ: Արագածոտնի թեմի հեռախոսին միանալ այդպես էլ չհաջողվեց, Օհանավանի գյուղապետը ևս չուներ նրա հեռախոսահամար: