Հիշեցումներ՝ հայրենիքի մասին. բացվել է Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը (լուսանկարներ)
Երեքշաբթի օրը երեկոյան Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին արվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ և ոչ միայն գեղանկարչության ասպարեզից:
Հովհաննիսյանին ներկայացնող արվեստագետները հիշեցին, որ այսօր նաև Աքսել Բակունցի ծննդյան օրն է և հիշելով Բակունցի «ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին», որին աշխարհը ամենահիասքանչ վայրն է թվում, առաջարկեցին «թաթախվել» ներկայացված արվեստով:
Խոսքով հանդես եկած նկարիչները ընդգծեցին, որ Հովհաննիսյանի արվեստը ևս դաշինք է բնության հետ:
Ջավախահայ մեկենաս, գործարար Սոս Սահակյանը, ով աջակցում է նաև Հովհաննիսյանին, նկատեց, որ նա ներկայացնում է Ջավախքի գեղատեսիլ բնությունը, իսկ նրա աշխատանքները հիշեցումներ են մեր պատմական հայրենիքի մասին՝ Կարինից մինչև Ախալցխա: Սոս Սահակյանը նշեց, որ ինքն ու Հովհաննիսյանը հայրենակիցներ են ոչ միայն Ջավախքի բերումով, այլև Կարինի հարևան գյուղերի, որտեղից սերում են նրանց նախնիները:
Բարերարը հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսը կհայտնվի նաև Ախալցխայում կամ Ախալքալակում՝ ընդգծելով, որ հայապահպանության խնդիրները Ջավախքում այսօր էլ արդիական են:
Հովհաննիսյանի անցած ուղու այլ ականատեսներ ընդգծեցին հեռուստատեսային նկարչի նրա հսկայական աշխատանքը, որը ներառում է մեզ հայտնի շատ ու շատ հեռուստահաղորդումների տաղավարների ձևավորում:
Ցուցահանդեսից առաջ կարծիքներ փոխանակելիս ներկաները գրեթե ընդհանրական կարծիք հայտնեցին, որ Հովհաննիսյանի աշխատանքներից կարելի է լիցքեր ստանալ:
Ինքը՝ նկարիչը, ասում է, որ ցուցադրվում է, «երբ գալիս է ժամանակը», որ ցուցահանդեսները իրեն՝ նկարչին էլ պետք են լիցքաթափվելու և վերալիցքավորվելու համար:
Իսկ առհասարակ արվեստի առաքելության մասին խոսելով՝ Հովհաննիսյանը ասաց, որ «մարդն արվեստը ստեղծել է իր համար և դա պիտի ծառայեցնի իրեն, շոյի աչքը, ունկը, թրթիռ հաղորդի և մարդուն էլ ավելի մարդկայնացնի»:
Նկատենք, որ բնապատկերներից բացի ներկայացված էին նաև դիմանկարներ, կոլաժներ: Բազմաթիվ աշխատանքների մի մասին կարելի է ծանոթանալ լուսանկարներում, իսկ ամբողջությամբ՝ հունիսի 25-ից սկսած՝ ցուցահանդեսում:










