Լեհաստանի մայրաքաղաքի պուրակներից մեկը անվանակոչվել է «Հայկական պուրակ»

12:58 • 26.06.13

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի պուրակներից մեկը անվանակոչվել է «Հայկական պուրակ»։ Անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամները:


Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:


Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:


Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել «Հայկական պուրակ» գրառումով ցուցատախտակը:


Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ և լեհ ժողովուրդներից:


Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները:

Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երևանի և Վարշավայի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն և, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում: