Լոնդոնում 17-րդ դարի հոլանդական կտավները կներկայացվեն այդ ժամանակաշրջանի երաժշտության ներքո

10:42 • 26.06.13

Այսօր բացվող «Վերմեերը և երաժշտությունը. սիրո և հանգստի արվեստ» ցուցահանդեսը դարձել է լոնդոնյան Ազգային պատկերասրահի և Հին երաժշտության անսամբլի առաջին համատեղ նախագիծը և թանգարանի համար առաջին ցուցադրությունը, որի բաղկացուցիչ մասը կենդանի երաժշտությունն է, հայտնում է РИА Новости-ն։

 

Ցուցադրության նպատակը Նիդեռլանդների «ոսկե դարի»՝ 17-րդ դարի երաժշտության և կերպարվեստի միջև կապի ուսումնասիրումն է։ Վերմեերի կտավներից բացի, ներկայացված են Թոմաս դե Քեյզերի, Փիթեր դե Հոխի, Յակոբ վան Վելսենի, Յան Սթինի աշխատանքները։

 

«Առաջին սրահում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են երաժշտական գործիքներն օգտագործվում նկարիչների կողմից՝ որոշակի գաղափարներ փոխանցելու համար։ Օրինակ՝ հաճախ երաժշտական գործիքները պատկերված են նատյուրմորտներում. դրանք խորհրդանշում են կյանքի կարճատևությունը, չէ՞ որ երաժշտությունը հնչում է միայն սահմանափակ ժամանակում»,- պատմել է ցուցադրության կազմակերպիչ, Ազգային պատկերասրահի հոլանդական կերպարվեստի բաժնի ղեկավար Բեթսի Վիզերմանը։

 

Երկրորդ սրահում կարելի է տեսնել սիրողական երաժշտական անսամբլների պատկերող կտավներ։ Էրոտիկայի թեման գերակշռում է 3-րդ սրահում ներկայացված կտավներում։ Ցուցադրության գլխավոր սրահը 4-րդն է, որտեղ ներկայացված են Վերմեերի աշխատանքները։ Իսկ 5-րդ սրահում կարելի է տեսնել նրա կտավներից հատվածներ մանրադիտակի օգնությամբ և հասկանալ, թե ինչպես է նա ստացել և օգտագործել գույները, թե ինչպես են նրա աշխատանքները փոխվում ժամանակի ընթացքում։