Շվեյցարական հիմնադրամը հետ է ստացել Աննա Ֆրանկի արխիվը

10:12 • 27.06.13

Ամստերդամի դատարանը վճռել է, որ շվեյցարական հիմնադրամն ունի Աննա Ֆրանկի արխիվներին տիրանալու բոլոր իրավունքները, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով  Agence France-Presse-ին։

 

Ֆրանկի արխիվն իր մեջ ներառում է հազարավոր լուսանկարներ, նամակներ ու այլ փաստաթղթեր։ Հարկ է նշել, որ դրանց տիրանալու իրավունքը վիճարկում էին Բազելում գտնվող Աննա Ֆրանկի հիմնադրամն ու Ամստերդամի նրա տուն- թանգարանը։

 

2007թ. Աննա Ֆրանկի հիմնադրամը, որի հիմնադիրը, ի դեպ, նրա հայրն է եղել, իր արխիվի մի մասը ժամանակավորապես փոխանցել է Ամստերդամի տուն-թանգարանին։ Չորս տարի անց հիմնադրամը պահանջել է վերադարձնել դրանք, որպեսզի ամբողջական արխիվը ցուցադրության հանվի Մայնի Ֆրանկֆուրտի Հրեական թանգարանում, սակայն տուն-թանգարանը հրաժարվել է պահանջը բավարարել։

 

Արդյունքում Ամստերդամի դատարանը վճռել է, որ Աննա Ֆրանկի արխիվի իրավունքը պատկանում է շվեյցարական հիմնադրամին, իսկ տուն-թանգարանին այն տրվել է միայն ժամանակավորապես։

 

Աննա Ֆրանկը ծնվել է 1924թ., Մայնի Ֆրանկֆուրտում բնակվող հրեական ընտանիքում։ Հիտլերի իշխանության օրոք նրանք տեղափոխվել են Նիդեռլանդներ, որը շուտով շրջափակել է Գերմանիան։ Ֆրանկի ընտանիքն ու նրանց 4 ընկերները 25 ամիս շարունակ թաքնվել են մի թաքստոցում։ Այդ ողջ ընթացքում Աննան օրագիր է վարել, որն էլ հետագայում դարձել է Հոլոքոստի ամենահայտնի ապացույցներից մեկը։

 

1944թ. Ֆրանկի ընտանիքի թաքստոցը հայտնաբերվել է, իսկ թաքնվողները ձերբակալվել ու ճամբարներ են ուղարկվել։ Ընտանիքի միակ անդամը, ով ողջ է մնացել ճամբարում հայտնվելուց հետո, եղել է Աննայի հայրը՝ Օտտո Ֆրանկը։ Իսկ Աննան, նրա մայրն ու քույրը մահացել են։

 

Աննա Ֆրանկի օրագիրն առաջին անգամ հրապարակվել է 1947թ.՝ թարգմանվելով աշխարհի 65 լեզուներով։