Ալբերտ Էյնշտեյնի ստորագրությամբ Աստվածաշունչն աճուրդում վաճառվել է 68.500 դոլարով

09:54 • 28.06.13

Նյու Յորքի Bonhams աճուրդում 68.500 դոլարով վաճառվել է Ալբերտ Էյնշտեյնի ստորագրությամբ Աստվածաշունչը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Վաճառքի հանված Սուրբ գիրքը 1932-ին ստորագրել են հայտնի գիտնականն ու նրա կինը և նվիրել իրենց ամերիկացի ընկերուհուն՝ Հարիեթ Համիլթոնին։ Էյնշտեյնն առաջին էջում գրել է, որ Աստվածաշունչն «իմաստության և սփոփանքի մեծ աղբյուր է, այն հարկ է հաճախակի կարդալ»։

 

Նմուշի վերջնական գինն էապես գերազանցել է մեկնարկայինին։ Վաճառքի կազմակերպիչները ենթադրում էին, որ  Էյնշտեյնի ստորագրությամբ նմուշը կվաճառվի 1.500-2.500 դոլարով։ Նոր գնորդը ցանկացել է գաղտնի մնալ։