Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում կներկայացվի 230 նոր ֆիլմ
Կարլովի Վարիում (Չեխիա) այսօր բացվում է 48-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ կներկայացվեն 230 նոր գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Կինոփառատոնի պատվավոր հյուրը կդառնա ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան, ում փառատոնի կազմակերպիչները կշնորհեն գլխավոր «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակը՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։
«Տրավոլտան պատկանում է այն աստղերի թվին, որոնք մշտապես աշխատում են և շատ զբաղված են»,- ասել է փառատոնի ծրագրի կազմակերպիչ Կարել Օխը։
Չեխիայում Տրավոլտան կմնա ընդամենը 2 օր։
Միջազգային կինոփառատոնը կտևի 9 օր՝ մինչև հուլիսի 6-ը։ Քաղաքային հյուրանոցներում ամրագրվել են գրեթե բոլոր տեղերը։ Հիմնական միջոցառումները կանցկացվեն «Տերմալ» հյուրանոցում։ Փառատոնի համար «Մոզեր» ֆիրմայի վարպետներն արդեն պատրաստել են 19 «Բյուրեղապակե գլոբուսներ»՝ 9 ոսկե և 10 արծաթե։
Գլխավոր մրցանակն իրենից ներկայացնում է աղջկա բրոնզե կերպար, որը ձեռքերում բյուրեղապակե գլոբուս է պահում։ Նման բյուրեղապակե գունդ կարող են պատրաստել միայն ամենահմուտ վարպետները։
Առաջին անգամ փառատոնը Կարլովի Վարիում անցկացվել է 1946-ին։










