Ստոկհոլմում աճուրդի կհանվի շվեդական ABBA խմբին նվիրված 25.000 իր
Stockholms Auktionsverk աճուրդի տանն օգոստոսի 10-11-ին վաճառքի կհանվի շվեդական ABBA խմբին նվիրված 25 հազար իր։ Նմուշների նախնական արժեքը 830 հազ. կրոն է (95 հազ. եվրո), հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Նման հավաքածու առաջին անգամ է վաճառքի հանվում։ Հավաքածուի տերը՝ դերձակ Թոմաս Նորդինը, սկսել է հավաքել այն 39 տարի առաջվանից, 9 տարեկան հասակում, երբ 1974-ին առաջին անգամ տեսել է խմբի հաղթական ելույթը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։
Նա հույս ունի, որ հավաքածուն կգնի լուրջ հավաքորդ կամ, միգուցե, նրա մի մասը կհայտնվի մայիսին Ստոկհոլմում բացված ABBA-ի թանգարանում։










