Վիեննայի օպերան «կտեղափոխվի» համացանց
Վիեննայի պետական օպերան ընթացիկ տարվա աշնանը «կտեղափոխվի» համացանցային տիրույթ, քանի որ այն կսկսի իր ներկայացումները հեռարձակել համացանցի միջոցով։
Ինչպես նշում է Euromag-ը, այժմ օպերան ավարտին է հասցնում տեխնիկական աշխատանքները՝ ներկայացումների հեռարձակումն ապահովելու համար։
Օպերայի տնօրեն Դոմինիկ Մայերը նշել է, որ առաջին հեռարձակման իրավունքը կստանա Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերան։ Նա նաև հավելել է, որ համացանցային հեռարձակումները հասանելի կլինեն միայն համապատասխան վճարում կատարելուց հետո։
Այս նախաձեռնությամբ Վիեննայի օպերան շարունակում է այն գործը, որին նվիրված է եղել ի սկզբանե, այն է՝ օպերային մշակույթին հաղորդակից դարձնել առավելագույն թվով հանդիսատեսի՝ անկախ նրանց սոցիալական դիրքից։










