Դերասանները սերիալներում հիմնականում խաղում են գումարի համար
Սերիալները դերասաններին հնարավորություն են տալիս ոչ միայն ավելի շատ գումար վաստակել, այլ նաև ամեն օր դերասանական աշխատանքի գործընթացի մեջ լինել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ով նաև նկարահանվում է սերիալներում։
Նա դեմ արտահայտվեց այն կարծիքին, որ սերիալներ չպետք է նկարահանեն, որ դրանք հասարակություն մեջ վատ երևույթներ են սերմանում։
«Ես սերիալը չեմ համեմատում թատրոնի հետ, բայց այն ևս պետք է գոյություն ունենա։ Իսկ թե դրանց որակը ինչպիսինն է, հարցի մեկ այլ կողմն է, և սցենարների հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել սցենարիստներին։ Ու իմ կարծիքով, այսօր շատ սցենարիստներ վերապատրաստման կարիք ունեն»,- ասաց նա։
Սունդուկյանի անվան թատրոնի մեկ այլ դերասան Նարեկ Հայկազյանն էլ ընդգծեց, որ եթե չլինեին սերիալները, իրենք միայն թատրոնի աշխատավարձով չէին կարողանա ընտանիք պահել։ Միևնույն ժամանակ նաև ընդգծեց, որ եթե նույնիսկ թատրոնում բարձր աշխատավարձ ստանային, ինքը միևնույնն է սերիալում դեր ստանձնելուց չէր հրաժարվի։
«Ամեն գործի մեջ լավն էլ կա, վատն էլ։ Բայց մարդուն տրված է մտածողություն, և նա պետք է տարանջատի դրականն ու բացասականը: Նույն էլ մեր սերիալներում է, ներկայացված են դրական ու բացասական կերպարներ։ Եթե այդ բացասականը չլինի, դրականը չի երևա»,-ասաց նա և ընդգծեց, որ մարդիկ ունեն ընտրության հնարավորություն և եթե սերիալները իրենց համար ցանկալի չեն, թող չնայեն ու արգելեն նայել իրենց երեխաներին։
Երկու դերասաններ էլ հույս հայտնեցին, որ ժամանակի ընթացքում սերիալներ կսկսեն խաղալ բացառապես դերասանի մասնագիտություն ունեցող անձինք և դրանից դրանց որակը կբարձրանա։










