Արևելահայերենը՝ աշխարհի 9-րդ ամենատարօրինակ լեզու. hետազոտություն

14:06 • 30.06.13

Idibon ընկերությունը, որը զբաղվում է լեզվական տվյալների ուսումնասիրությամբ, ներկայացրել է աշխարհի ամենատարօրինակ լեզուների աղյուսակը, որոնց շարքում իններորդը արևելահայերենն է:


Ընկերությունը իր հետազոտությունները տրամադրում է տարբեր բիզնեսների: Ինչպես պարզվում է, հիմք է ընդունվել անգլերենը և այն, որ, ըստ ուսումնասիրողի, շատ լեզուներ «անգլակենտրոն» են:


Հետազոտողները առաջարկում են «տարօրինակությունը» (wierdness) անգլերենում ունեցած իմաստով չընկալել, չնայած իրենք տվել են հենց այդ բնորոշումը այդ լեզվով:


Նշվում է, որ Լեզվական կառուցվածքի համաշխարհային ատլասում մոլորակի 2676 լեզուներն ունեն 192 տարբեր լեզվական առանձնահատկություններ: Ըստ այդմ լեզուների տարօրինակությունը որոշվել է ըստ այն բանի, թե որքանով են դրանք հեռու այդ ընդհանուր առանձնահատկություններից:


Ցուցակում են ոչ միայն էկզոտիկ լեզուներ, այլև բավական հայտնի լեզուներ, ինչպիսիք են գերմաներենը կամ չեխերենը: Ինքը՝ անգլերենը, 33-րդ տեղում է «տարօրինակների» ցուցակում:


Իսկ ցուցակը բացում է միշտեկ հնդկացիների լեզուն: Տասնյակում են Սիբիրի նենեցների լեզուն, Չոկտո հնդկացիների լեզուն, դիեգենյո հնդկացիների լեզուն, Եթովպիայի օրոմո էթնիկ խմբի լեզուն, ամերիկյան կուտենայի հնդկացիների լեզուն, իրակու լեզուն, կոնգո լեզուն, հայերենը, գերմաներենը:


Շեշտվում է, որ խոսքը արևելահայերենի մասին է: Իսկ արևմտահայերենը արևելահայերենի և գերմաներենի արանքում նշված 3 ամենատարօրինակ լեզուներից է:

Հետաքրքրական է, որ ըստ նույն ուսումնասիրության, աշխարհի 5 ամենից ոչ տարօրինակ լեզուներն են լիտվերենը, ինդոնեզերենը, թուրքերենը, բասկերենը և չինարենի կանտոնական խոսվածքը: