Ջենիֆեր Լոպեսի ներկայացուցիչներն արձագանքել են Թուրքմենստանի նախագահի համար հնչած երգի քննադատությանը

10:40 • 01.07.13

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ներկայացուցիչներն արձագանքել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա ելույթի վերաբերյալ հնչած քննադատությանը. նրանց խոսքով՝ երգչուհին չէր մասնակցի համերգին, եթե իմանար իրավապաշտպանների մեղադրանքների մասին, հայտնում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ նշվում էր, որ Լոպեսը ելույթ է ունեցել Թուրքմենստանի նախագահի ծննդյան օրը՝ կատարելով «Happy birthday, Mr. president!» երգը։ Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամը (HRF) քննադատության է ենթարկել երգչուհուն, ով մասնակցում է Amnesty International կազմակերպության՝ Մեքսիկայում կանանց իրավունքների պաշտպանության ծրագրին։

 

«Լոպեսի ներկայացուցչի հայտարարությունում նշվում է, որ երգչուհին չէր այցելի տվյալ միջոցառմանը, եթե իմանար մարդու իրավունքների խախտման վերաբերյալ մեղադրանքների մասին»,- նշում է ամերիկյան Star Tribune-ը։

 

Ըստ ԶԼՄ-ների չհաստատված տվյալների՝ Լոպեսի այցը կազմակերպվել էր Չինական ազգային նավթագազային կորպորացիայի կողմից (CNPC)։ Ընդ որում՝ նախագահին նվիրված երգը կատարելու խնդրանքը հնչել է համերգից առաջ վերջին պահին, և երգչուհին «սիրով համաձայնվել» է կատարել այն։