«Սոլթ» ֆիլմի ռեժիսորը ցանկանում է ֆիլմ նկարահանել Էդվարդ Սնոուդենի մասին
Այն ժամանակ, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի պատմությունը (նա որոշ ամերիկյան թերթերի սկանդալային նյութեր է փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնալսման մասին) դեռևս շարունակում է զարգանալ և յուրաքանչյուր օր նոր հաղորդագրություններ են ստացվում, կինոգործիչներն արդեն ծրագրում են կենսագրական ֆիլմ նկարահանել, գրում է filmpro.ru-ն։
«Լուռ ամերիկացին» և «Սոլթ» ֆիլմերի ստեղծող Ֆիլիպ Նոյսը նշել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել Սնոուդենի մասին և նույնիսկ համապատասխան թեկնածու է գտել գլխավոր դերի համար։
«Նայելով իմ վերջին «Սոլթ» ֆիլմը՝ հանդիսատեսը չի կարող հասկանալ՝ դրակա՞ն է գլխավոր հերոսը, թե՞ բացասական։ Այդպես է նաև Սնոուդենի պատմությունը. բոլորը մտածում են նրա շարժառիթների մասին։ Միգուցե նա 15 րոպե տևողությամբ փա՞ռք է ցանկացել։ Իսկ միգուցե նա իսկապե՞ս զոհում է իրեն՝ հօգուտ հանրային շահերի։ Մենք չենք իմանա այդ մասին, մինչև ամեն ինչ չավարտվի։ Իսկ ավարտվել դա կարող է 50 տարի անց»,- ասել է Նոյսը։
Հայտնի չէ, թե երբ կսկսվեն ֆիլմի նկարահանման աշխատանքները և ինչ շրջադարձ է սպասվում սցենարիստներին՝ աշխատանքը սկսելու համար։ Եթե Նոյսը սկսի աշխատել, ապա գլխավոր դերի համար նա կհրավիրի դերասան Լիամ Հեմսվորթին։










