Լոս Անջելեսում տրվել է Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

14:54 • 02.07.13

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` Disney Consert Hall-ում, հանդիսավորությամբ տրվել է Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա են եղել ԱՄՆ արևմտյան ափի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել ԼԱ ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարներ:

Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որը երեկոյի նախօրեին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում` ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:
 

Գալա-համերգի հյուրերին ներկայացվել են աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվել են կոմպոզիտորի գործունեությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում նաև` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:
 

Միջոցառման ընթացքում հայտարարվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը` հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:
 

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ ձեռնարկը տեղի կունենա Հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկի հարկի տակ՝ հայտնի Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը: «Կուն» հիմնադրամի կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմը երկու տարի առաջ արժանացել է «Բևեռլի Հիլզ» կինոփառատոնի առաջին մրցանակին: