Պաուլո Կոելյոյի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել
Իսպանիայում ավարտվել են բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Screen Daily -ին։ «Ուխտագնաց. Պաուլո Կոելյոյի լավագույն պատմությունը» անվանումով ֆիլմն էկրաններին կհայտնվի 2014թ. առաջին կեսին։
«Դա կլինի ֆիլմ երազող մարդու մասին, որը, ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում, չափազանց մեծ էր իր տան համար»,- պատմել է ֆիլմի պրոդյուսեր Իոնա դե Մասեդոն։
Նշվում է, որ սցենարիստ Կարոլինա Կոչոն ֆիլմի սյուժեն գրել է Կոելյոյի հետ ունեցած իր զրույցների հիման վրա։ Գրողը ֆիլմում կներկայացվի ինչպես երիտասարդ, այնպես էլ ավելի հասուն տարիքում։
Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Բրազիլիայի և Իսպանիայի ստուդիաները, այդ պատճառով էլ նկարահանումներն անցկացվել են 2 երկրներում. նախ՝ Ռիո դե Ժանեյրոյում, այնուհետ իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։










