Վերահրատարակվել է «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գիրքը

15:05 • 02.07.13

«Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի 2003թ.–ին հրատարակված հեղինակավոր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի վերախմբագրված տարբերակով հրատարակման մասին այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս և քննարկում։
 

«Սև այգին» Հայաստան–Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է՝ կառուցված ԼՂ հարցի ուսումնասիրման 8–ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցների, բացառիկ աղբյուրների՝ ինչպես օրինակ՝ Պոլիտբյուրոյի պահոցների նյութերի հիման վրա։
 

Գրքի հեղինակ Թոմաս դը Վաալի կարծիքով՝ չկա այն գիրքը, որն ամբողջական կներկայացնի ԼՂ հակամարտության իրական պատմությունը։ Ըստ նրա՝ նոր պատերազմի հավանականությունը փոքր է, սակայն ամեն ինչ մեկ շաբաթում կարող է կորել, եթե սխալ քայլեր արվեն։


«Կարելի է ասել, որ պատերազմը Հյուսիսային Օսիայում պլանավորված չէր, բայց եղավ, այնպես որ այդ ամենը այնքան էլ հաճելի չէ, բայց հնարավոր է»,– ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանցի նոր սերունդն աճում է ավելի ագրեսիվ, քան իրենց պապերն են եղել, հայերը նույնպես ագրեսիվ են, բայց պասիվ։
 

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելու միջոցով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մասին նա ասաց, որ անգամ ադրբեջանական իշխանությունը գիտակցում է, որ դա սխալ է։ «Ես կարծում եմ, որ հանցագործությունը ողջունելը սխալ է։ Սաֆարովն ազգային հերոս չէ բոլոր ադրբեջանցիների համար, շատերի համար հերոս է, բայց ոչ բոլորի: Բայց մարդկանց գիտեմ, ովքեր սարսափի մեջ էին նրանից, ինչ տեղի էր ունեցել»,–ասաց նա։
 

Խոսելով գրքի մասին՝ քննարկմանը ներկա «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն բացառիկ աշխատություն է գրականության մեջ։ «Ղարաբաղի հակամարտության մասին պետք է խոսել, և անպայման չէ, որ դրանից բոլորը գոհ լինեն, դա նորմալ է»,– ասաց նա։
 

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ցավոք սրտի, Ղարաբաղյան հակամարտության մասին գրականությունը հարուստ չէ, իսկ «Սև այգի» գիրքը շատ տեղին է։ «Ես կասեմ, որ այն, ինչ գրված է գրքում, պատմություն է»,– նկատեց նա։